ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ոչիշխանական եռյակի ներկայացրած 12 պահանջների շուրջ քննարկումների պատրաստակամություն է հայտնել:
«Եռյակի ներկայացրած 12 կետերից շատերը նոր չեն. դրանց կառավարությունը հրապարակայնորեն անդրադարձել կամ իրականացրել է: Այդուհանդերձ, մեր դիրքորոշումները քարացած չեն, և մենք պատրաստ ենք քննարկումների»,- երեքշաբթի օրը հայտարարել է Աբրահամյանը: Կառավարության պաշտոնական կայքէջում հրապարակված հայտարարությունում նա առաջարկում է «յուրաքանչյուր հարցի համար կառավարության և ընդդիմության կողմից նշանակել 3- հոգանոց թիմ՝ յուրաքանչյուր կետի շուրջ փաստարկների վրա հիմնված դիրքորոշում ներկայացնելու նպատակով», և ակնկալում է, որ ընդդիմությունը ևս կառուցողական մոտեցում կունենա համագործակցության առաջարկին: Եռյակը, սակայն, մերժում է Աբրահամյանի այս առաջարկը:
ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասել է, որ իրենք մերժում են ոչ միայն վարչապետի առաջարկը, այլև հրաժարվել են մասնակցել ԱԺ նախագահի հրավիրված քննարկմանը:
ԲՀԿ-ն նույնպես մերժել է 12 կետերի շուրջ քննարկումների առաջարկը: ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը մասնակցել է ԱԺ նախագահի նախաձեռնած՝ խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների հանդիպմանը, սակայն հրաժարվել է 12 կետերի շուրջ քննարկումներ ծավալել, որևէ բովանդակային քննարկում չի եղել:
«Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համոզված է, որ ընդդիմությունը միշտ կառուցողական է եղել, այս պահին էլ շատ կառուցողական առաջարկություն ունի իշխանությանը, և առաջարկը հետևյալն է՝ «դուք շատ հանգիստ կարող եք առանց ժամանակացույցի, առանց քննարկումների, որովհետև Ընտրական օրենսգրքի շուրջ քննարկումները շատ վաղուց են տեղի ունեցել, այդ առաջարկները, այդ երկու կետն ընդունեք, և երկրորդ՝ շատ կառուցողական կլինի իշխանությունների կողմից, եթե իրենք արտահերթ ընտրությունների հարցը քննարկեն առաջին հերթին»:
ԱԺ նախագահի հրավիրած քննարկմանը մասնակցած ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասել է, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ կքննարկի, և քննարկման ու ֆորմատի շուրջ կասի իր կարծիքը:
«ՈՒզում ենք տեսնել, ինչ ձևով կարող ենք համատեղ քննարկումներ անցկացնել, առայժմ որևէ ընդհանուր եզրակացության չեկանք»,- ասել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը:
ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանի խոսքով՝ եռյակը պատրաստ չէ քննարկումների և նախապայմաններ է առաջադրում: